ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կաշառք ստանալու համար քրեական գործ է հարուցվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի դեմ։
«2020թ. մայիսին Դիլիջանի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ նույն ամսվա վերջերին 2 անգամ «Ֆորդով» շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից։ Դրա դիմաց անտառապահին կաշառքի գումարի մի մասն է տվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դիլիջանի բնակիչը հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ։ Սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի հասցրել անտառապահին տալ կաշառքի գումարի մնացած մասը:
Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: