ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել։
«9–րդ միջոցառման շրջանակում, որը նախատեսված էր չգրանցված աշխատողների համար 186 000 երեխայի է աջակցություն ցուցաբերվել` 4.9 մլրդ դրամի շրջանակում։ Իսկ ութերորդ միջոցառման շրջանակում 124 000 մարդու (վարձու աշխատողներին ) է աջակցություն ցուցաբերվել` 8.4 մլրդ դրամի շրջանակում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` գումարի մնացած հատվածն էլ բաշխվել է այլ միջոցառումների շրջանակում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ, որոնցով օժանդակում էին կորոնավիրուսի հետևանքով ինչպես տուժած տնտեսվարողներին, այնպես էլ աշխատանքը կորցրածներին։
Այսօր Փաշինյանը հայտնել էր նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 697-ով։