ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կոչ է անում համալրել ոստիկանության պարեկային ծառայողների ցանկը։ Նա նման կոչով հանդես եկավ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Հենց հիմա ՀՀ–ն ձեր կարիքն ունի` նոր սերնդի կարիքը, և առանց ձեզ բարեփոխումներն ուղղակի ձախողված կլինեն»,–ասաց Բադասյանը։
Նրա խոսքով` պարեկային ծառայությունից սկսելով ու ոստիկանի նախնական կրթություն ստանալով` հետագայում ոստիկանության այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար Ոստիկանության ակադեմիայում կլինեն վերապատրաստման դասընթացներ։ Այսինքն` սկսելով պարեկային ծառայությունից, հետագայում վերապատրաստվելով` հնարավորություն կտրվի անձանց ոստիկանության, օրինակ, կրիմինալ բաժնում աշխատել։
Բադասյանը նշեց, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի։ Նա հայտնեց, որ արդեն իսկ 400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ չէ կանանց քանակը։
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն 250-270 000 դրամի սահմաններում է լինելու։
Կուսումնասիրվեն բոլոր ընտրակեղծիքները` սկսած 1991 թվականից. Բադասյան
Հիշեցնենք, որ ԱԺ–ն ընդունել է «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այդ երկու նախագծերի փաթեթով նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության: