ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի– Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արցախում այսօր մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանը զորավարժությունից է վերադառնալիս եղել, երբ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։
«Հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Եվս 6 զինծառայող մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Վթարի հետևանքով լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանն Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավարը` Սարիբեկ Կարապետյանը, հայտնել էր, որ Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր։