ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման , ՀՀ ԶՈւ պաշտպանական ներուժի հզորացման ու արդիականացման կարևոր բաղադրիչներ է պարունակում։ Դրանցից մեկը հանրապետության տարածքում «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման տեղայնացումն է, իսկ հետագայում նաև ՀՀ-ում դրանց արտադրությունը։
Ինքնաձիգներ հավաքելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի ղեկավար Դավիթ Գալստյանի ու «Կալաշնիկով» կոնցեռնի փոխնախագահ Անդրեյ Բարիշնիկովի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն. Դավթյանն Արցախում է
Այս տարվա մայիսին ձեռնարկությունն ու «Կալաշնիկով» կոնցեռնը 10 տարի ժամկետով համաձայնագիր են կնքել։ Այդ ընթացքում նախատեսվում է հրաձգային զենքի տասնյակ հազարավոր միավորներ հավաքել։
Դեռ մինչ ստորագրելը պայմանագրի նախագիծն Ռուսաստանում անցել էր համաձայնեցման ու վավերացման բոլոր գործընթացները, իսկ 2019 թվականի օգոստոսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը պայմանագիր կնքելու համաձայնություն տվեց։
Լրագրողներին տեղեկացրին, որ գործարանը գրեթե զրոյից է կառուցվել ու 2020–ի հուլիսի սկզբին արդեն կբացվի։ Սկզբում մասերը Ռուսաստանից են մատակարարվելու, իսկ այստեղ դրանցից ԱԿ-103 ինքնաձիգներ են հավաքելու։ Բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց ձեռնարկության ներկայացուցիչ Իգոր Գորդիենկոն։
«Արդեն ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանից պահեստամասեր ստանալու ու տեղում զենք հավաքելու համար։ Ամեն ինչ արվում է ռուսական տեխնոլոգիաներով։ Սա առաջին փուլում։ Երկրորդ փուլում մտադիր ենք առանձին լիցենզիա ստանալ ու Երևանում մասերն արտադրել։ Սկզբում համեմատաբար պարզ մասերը կսարքենք, հետո արդեն կանցնենք ավելի բարդին», - ասաց Գորդիենկոն։
ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին
Ինքնաձիգի հավաքման արտադրամասի հարևանությամբ առանձին մասնաճյուղ է կառուցվում, այնտեղ բանակի համար ջերմատեսիլ սարքեր են թողարկելու։ Գորդիենկոյի խոսքով՝ մշակողներն օրերով եղել են առաջնագծում՝ զինծառայողների կողքին, ուսումնասիրել են տեղանքը, մարտական հերթապահության պայմանները, նման սարքերին ներկայացվող պահանջները։ Այդ ամենը հաշվի առնելով են գիշերային տեսանելիության սարքերի առաջին նմուշները մշակվել ու արտադրվել։
Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը։ Այդ նպատակով հսկայական հողատարածքներ են գնվել Աբովյանում, որտեղ հետագայում փամփուշտներ են արտադրվելու, նաև ռազմական ու բանակային ավտոմոբիլային տեխնիկայի վերանորոգում են անելու։ Եթե հաջողվի լուծել այդ խնդիրը, ապա հնարավոր կլինի մինչև 1500 աշխատատեղ ապահովել։ Այժմ ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունում մոտ 120 մարդ է աշխատում։ Գորդիենկոյի խոսքով՝ նրանց մի մասը նախկին սպաներ են։ Ձեռնարկության ղեկավարությունը որոշել է կիրառել կադրային զինվորականների գիտելիքներն ու փորձը զենքի արտադրությունը կազմակերպելու համար։