ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը շեշտեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով ոստիկանությունը շարունակելու է ամենօրյա ռեյդեր իրականացնել։ Ոստիկանապետն այս մասին հայտնեց պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Ռեյդերը լինելու են անսպասելի։ Ոստիկաններն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն բակերում և այլ վայրերում։ Շարժական անցակետեր կտեղադրվեն մի շարք վայրերում` դիմակ կրելու և այն ունենալու փաստը ստուգելու համար»,–ընդգծեց նա։
Սարգսյանի խոսքով` տարվա սկզբից 20 700–ից ավել վարչական արձանագրություն է կազմվել, իսկ երեկ 931 վարչական արձանագրություն են կազմել քաղաքացիների և վարորդների կողմից դիմակ չկրելու փաստերով։
ԱԺ–ն քննարկում է մեկուսացման նպաստ տրամադրելու նախագիծը. ո՞ւմ համար է այն նախատեսված
Ոստիկանապետը նշեց` կոշտ հակազդեցություն կիրականացվի բոլոր նրանց հանդեպ, որոնք օրենքից դուրս գործողություններ կիրականացնեն։
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից (մահացածների ընդհանուր թիվը` 170), իսկ վարակվածների թիվն ավելացել է 515–ով` հասնելով 10524–ի։ Առայսօր կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացել է 59 մարդ։