Սամվել Մարտիրոսյանը նշում է` մահացածների տվյալները հայտնվել են ֆեյսբուքյան մի էջում, որը մինչ այդ էլ ակնհայտորեն զբաղվում էր մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելով, այսինքն` քաղաքական բացահայտ քարոզչությամբ, շատ հազվադեպ է ակտիվանում և շատ գրառումներ չի անում։
«Սա կա՛մ հաքերային հարձակման հետևանք է, կա՛մ էլ ներքին արտահոսքի, երբ աշխատակիցներից մեկը ուղղակի սաբոտաժ է արել»,– ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։
Թեև Մարտիրոսյանը դժվարանում է ասել, թե կարանտինային, ճգնաժամային իրավիճակում կառավարումն ինչպես է իրականացվում նախարարության ներսում, որտեղ են տեղադրված տվյալները, որքանով են դրանք հասանելի կամ ինչ համակարգ է գործում ներսում, բայց նշում է, որ միայն ներսի մարդը կարող է գնահատել տվյալների ապահովության մակարդակը։
«Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք վերոնշյալ էջին հաքերներն ու սաբոտաժով զբաղվողներն են տեղեկություններ ուղարկել, թե՞ հենց այդ էջը ներգրավված է շղթայի մեջ որպես առաջնային աղբյուր։ Դժվար է այս պահին ասել, թեև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս էջն ակտիվ չէ և շատ ընթերցողներ չունի` կարելի է ենթադրել, որ ներգրավված է հստակ շղթայում»,– նշում է նա։
Մարտիրոսյանի դիտարկմամբ` այդ էջի արգելափակումը բավականին հեշտ կլինի, որովհետև կարելի է անմիջապես դիմել Facebook–ին, որն իր հերթին հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը` բավականին լուրջ է վերաբերվում նման երևույթներին։ Փորձագետի համոզմամբ` հանցագործին գտնելը կախված է մասնագիտական գիտելիքներից և այն հանգամանքից, թե ինչպես կարելի է վնասազերծել անձին, որը մասնագիտացած է նման էջեր վարելու գործում, և եթե կիրառել է հատուկ միջոցներ, հնարավոր է` նույնիսկ չգտնեն նրան, սակայն հնարավորություններ կան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակվել են Facebook-ում։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10009–ի։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։