ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 517–ով և դարձել 10009։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 մարդ, կատարվել է 59917 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3427–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 158 դեպք (+19) և մահվան 56 (+1) անուղղակի դեպք:
Հունիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9492 էր:
Նշենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ կիրակի օրը թեստերի քիչ քանակ է արվել, որովհետև ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Նրա խոսքով` որակյալ թեստ անելու համար լաբորատորիաները պրոֆիլակտիկ հանգստի պետք է գնան։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Որ երկրները և երբ կբացեն սահմանները
Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։