ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ–ում և Արցախում 2019–ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, 2018–ին` 63 դեպք։ Վիճակագրությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Նախորդ տարի արձանագրված 49 մահվան դեպքերից 20-ը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, իսկ 29-ը զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներիով են պայմանավորված եղել։ Իսկ 2018–ին աարձանագրված մահերից 38-ն է կապված եղել զինծառայության հետ, այսինքն` 2019-ին զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են»,–ասաց նա։
ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` հատկանշական է, որ 2018-ի համեմատ, նախորդ տարի գրեթե կիսով չափ նվազել են հակառակորդի կրակոցից մեր զինծառայողների մահվան դեպքերը։ Բացի այդ, 36.4 տոկոսով էլ նվազել են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը։ Իսկ սպաների շրջանում 33 տոկոսով նվազել են հանցավորության մակարդակը։
Մարտական դիրքում զինվոր է սպանվել. հարուցվել է քրեական գործ
Դավթյանը նշեց, որ չնայած հանցագործությունների նվազմանը, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։
Նա հայտնեց նաև, որ ԶՈՒ–ում կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես շարունակվում է` 2019-ին դատախազական ներգործության կիրառմամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 1.2 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2020թ.–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում՝ զինծառայողները չեն զոհվել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանք։ Ըստ պաշտոնական վարկածի` եղել են նաև ինքնասպանություններ։
Դրանից հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել` քննարկելով մահվան դեպքերի պատճառներն ու նման դեպքերի կանխման հնարավոր եղանակները։