ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարերել է Բելառուսում համաճարակաբանական իրավիճակի աստիճանական բարելավման մասին, բայց միևնույն ժամանակ, կոչ է արել չթուլանալ, եթե COVID-19–ի երկրորդ ալիք բռնկվի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկվել է այսօր Բելառուսի արդիական սոցիալ–տնտեսական և քաղաքական հարցերին առնչվող խորհրդակցության ժամանակ։
Նախագահի խոսքով` Մինսկում բժիշկները վստահեցնում են, որ հիվանդության առումով կայունություն է նկատվում։
«Ես, իհարկե, իմ սնահավատությունից ելնելով, այդքան լավատես չեմ»,– խոստովանել է նա։
Միևնույն ժամանակ, Բելառուսի մայրաքաղաքի մի շարք առողջապահական հաստատություններ, այդ թվում` օնկոլոգիական և գինեկոլոգիական պրոֆիլի, արդեն իսկ նախատեսում են վերադառնալ աշխատանքային սովորական ռեժիմի։
«Իսկ «բատկան» տրակտորով ու օղիով է բուժում»․ Լուկաշենկոն նախատել է «լեզվին տվող» ռուսներին
Իրավիճակի կայունացում է նկատվում նաև Մինսկի մարզում, վատ չէ իրավիճակը նաև Մոգիլևշինայում։
«Եթե այդպես է, ապա մեզ կմնա միայն Բրեստսկի և Գոմելսկի մարզերը, որոնք մենք պետք է վերահսկենք»,– ասել է երկրի ղեկավարը։
Լուկաշենկոյի խոսքով` նա ամեն օր առավոտյան և երեկոյան հետաքրքրվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով։ Ինչպես նշել է բելառուսի նախագահը, հիվանդանոցներում բավարար թվով մահճակալներ կան COVID-19–ով հիվանդ պացիենտներին ընդունելու համար, ծանր վիճակում գտնվողների թիվը նվազել է։
«Կարծես թե, վիրուսն արդեն թուլացել է, նրա վարակունակությունն արդեն այն չէ։ Տա աստված, որ այն վերանա։ Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է մտքում պահենք երկրորդ ալիքը։ Ոչ ոք չի ապացուցել, որ այն լինելու է, սակայն մենք պետք է պատրաստվենք դրան։ Եվ ոչ ոք չգիտի, երբ այն կլինի։ Եթե ձմռանն ու աշնանը, ապա տա աստված, որ մենք կարողանանք լրջորեն դրան նախապատրաստվել»,– հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի առողջապահության նախարարության կիրակի օրվա տվյալներով` հանրապետությունում կորոնավիրուսի ավելի քան 36 հազար դեպք է գրանցվել։