ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտնել է, որ Հայաստանում նախանշված համերգը չի հետաձգվի։ Թանկյանը նման հայտարարություն է արել` «Թումոյի» ուսանողների հետ օնլայն վեբինարի ժամանակ։
«Հայաստանյան մեր համերգը տեղի կունենա հաջորդ տարի` ամռան մի հրաշալի օր։ Եթե, իհարկե, ամեն ինչ լավ լինի, քանի որ վարակի տարածման հետևանքով հիմա դեռ անորոշ է ամեն ինչ»,–ասել է Թանկյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի գրում և համերգներով էլ ուշ–ուշ է հանդես գալիս, Թանկյանը ժպիտով պատասխանել է, թե խմբի անդամները, չնայած շարունակում են ընկերություն անել, սակայն նրանք բոլորն էլ փոխվել են։ Նրա խոսքով` այն, ինչ նախկինում էր խումբը ստեղծել, յուրօրինակ էր, և հիմա չեն կարող ինչ–որ նոր բան անել, քանի դեռ բոլորը չեն նայում «նույն ուղղությամբ» և նույն տեսլականը չունենան։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բառերի հիման վրա իր ստեղծած «Հայաստան» երգին՝ Թանկյանն ասաց, որ իր մոտ նման երգ ստեղծելու ցանկություն է առաջացել դեռ 2018–ի հեղափոխության օրերին։
«Հեղափոխության օրերին, երբ ես Հայաստանում էի, Նիկոլ Փաշինյանի հետ խոսել եմ հայկական երգերի մասին ու ասել, որ դրանց մեծ մասը շատ տխուր են։ Օրինակ՝ դուդուկի երաժշտությունը շատ տխուր է։ Մենք մտածեցինք, որ հիանալի գաղափար է ունենալ նոր երգ՝ դրական ու հաղթական բառերով հենց հեղափոխության մասին»,–ասել է Թանկյանը։
Տրիո, որին դժվար է հավատալ․ Սերժ Թանկյանը, Միշոն ու Սեբուն միասին երգ են թողարկել
Հիշեցնենք, որ «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին: