Թևան Պողոսյանի կարծիքով` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախընտրական ժամանակաշրջանում ներկայացրել է իր բոլոր մոտեցումները ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, հետևաբար, երկրի զարգացման համար ճիշտն այն է, որ կուրսը շարունակվի, և Հարությունյանն իսկապես արդարացնի իրեն տրված քվեները։
«Եթե ոմանք ակնկալում են ազգային արժեքների փոփոխություն, նման բան չի լինելու։ Վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանը վստահաբար կկատարի իր տված խոստումները, իսկ մարտավարական խնդիրների մոտեցումներով հաշվի կառնվեն բոլոր այն իրողությունները, որոնց պայմաններում ապրում ենք` շարունակ ձեռքը պահելով փոփոխությունների զարկերակի վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Թևան Պողոսյանի համոզմամբ` Արցախում կա հաստատուն մի բան` ոչ ոք չի պատրաստվում շեղվել Արցախի զարգացման ուղուց։ Նա վկայակոչում է նախկին նախագահ Բակո Սահակյանի խոսքերը, ըստ որի` մենք բոլորս պարտավոր ենք գրկել ազատագրված Հայրենիքն ու տանել առաջ։
Պողոսյանի դիտարկմամբ` ցանկացած երկրի զարգացման համար շատ կարևոր է, նույնիսկ պարտադիր, որ երկրում տեղի ունենա օրինականության հաստատում, և այդ գործընթացում բնականաբար շահագրգռված է նաև Արցախը։
Արայիկ Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը
«Երբեք պետք է թույլ չտալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք, և այս իմաստով Արցախում կա այն գիտակցությունը, որ եթե ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, ապա մեղավորները պետք է պատժվեն, և այդ գործընթացը չպետք է թողնի այնպիսի տպավորություն, թե մարդկանց մոտ կարող են առաջանալ կասկածներ կամ լինեն քաղաքական հետապնդումներ»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Թևան Պողոսյանի փոխանցմամբ` նորընտիր նախագահի երդմնակալությունը և նորաստեղծ ԱԺ–ի առաջին նիստը ցույց տվեցին, որ Արցախում կլինի միասնական և ընդգրկուն կառավարման համակարգ։ Նրա գնահատմամբ` Արցախում միշտ մտածելու են, որ յուրաքանչյուր մարդու հանդեպ ցուցաբերվի ճիշտ մոտեցում, ինչը կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից, հետևաբար, չի լինի մի իրավիճակ, երբ գլխավոր հարցերը թողած` կմտնեն քաղաքական շահարկումների դաշտ։ Ըստ այդմ` բնակչությունը պետք է հասկանա խնդիրների էությունը, այլ ոչ թե ստեղծի թշնամանքի դաշտ, ուստի գլխավորը միասնականության հարցն է, և բաժանարար գծեր չպետք է լինեն։
Անդրադառնալով կոնկրետ Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունների հարցին` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը նշում է, որ երկու հանրապետությունների անվտանգության համակարգը մեկն է, հայությունը միասնական է, ուստի հարաբերությունները շարունակ պետք է լինեն ջերմ, աշխատանքային ու արգասաբեր` անկախ այն հանգամանքից, թե ովքեր կլինեն Արցախի ու Հայաստանի ղեկավարները, քանզի միասնականության առումով բոլորս նույն նավի մեջ ենք և իրավունք չունենք նույնիսկ չգիտակցելով գնալ առճակատումների։ Ըստ Պողոսյանի` մենք պարզապես պետք է խելացի լինենք մեր երազանքներին հասնելու և մեր շահերն առաջ տանելու համար։
Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ