ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը պնդում է, որ դիմակ կրել պետք է ոչ թե այն պատճառով, որ «փայ ունեն» այդ գործում, այլ որովհետև կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, անվտանգության համար դա պետք է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու քայլերի, կիրառվելիք տուգանքների մասին, խոսքի մեջ էլ անդրադարձավ այն լուրերին, որոնք տարածվում են ու չեն հերքվում կառավարության կողմից։
«Ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում, մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչո՞ւ չեք հերքում։ Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա երկու միլիոն դոլար են ծախսել, ռեկետ են անում, էս ինչի գործ են անում, կոշիկի գործ են անում, նարկոտիկի գործ են անում։ Տենց հերքելով... Ուզում եք հավատալ՝ հավատացեք։ Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին»,- զայրացած ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը վարչապետի աթոռին է նստած, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։
«Ինչի՞ համար եք ինձ բերել, այստեղ նստեցրել. որ ռեկետ անե՞մ։ Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն՝ ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ իրենց կողմնակիցներից են նամակներ ստանում, թե հերքում տարածեք։
Ըստ նրա՝ տարածվող լուրերը իշխանության մասին գոյություն ունեցող կարծրատիպերի հետևանք է։
«Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ, թող հավատա։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի։ Ով տենց է մտածում, թող մտածի։ Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ։ Էս խոսակցությունները պետք է վերջացնել...Դե հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, դե հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե հերքեք, որ ուղտ չեք-»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենն ասում է, որովհետև կորոնավիրուս կա։
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին չմասնակցել թաղման արարողություններին, եթե խոսքը շատ մտերիմ, հարազատ ազգականի մասին չէ, ու դրանով չնպաստել վարակի բռնկումներին։ Նա հիշեցրեց, որ արդեն մի քանի անգամ հենց թաղումներն են կորոնավիրուսի արագ տարածման պատճառ դարձել։
«Մի՛ գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի։ Եթե գնում եք թաղում, դրանով մի տասը հոգու էլ մահվան ուղեգիր եք տալիս, դրանով մեր հանգուցյալը գոհ ու շնորհակա՞լ է։ Իհարկե ոչ»,- ասաց Փաշինյանը։
Տղան մասնակցել էր հոր թաղմանը և 2 օր անց իմացել, որ հիվանդ է. մանրամասներ Նորաշենի դեպքից
Նա նշեց` եթե հենց հիմա քաղաքացիները չդրսևորեն պատասխանատվություն ու զգոնություն, չկոտրեն վարակի տարածման տեմպը, ապա մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին` 20 հազար, հունիսի վերջին՝ 30 հազար դեպք՝ դրանից բխող հարյուրավոր մահերով։ Վարչապետը նշեց՝ պարետատան կանոնները խախտողները տուգանվելու են, և տուգանքները գանձվելու են՝ անկախ տուգանվողի սոցիալական հնարավորություններից։
Հիշեցնենք՝ Հայաստանում մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5041–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 մարդ, կատարվել է 43041 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2164–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 64 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի