ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվեց, սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը չթողեց, որ մրցույթի երկրպագուները տխրեն: Հատուկ նրանց համար մայիսի 16-ին կազմակերպվեց «Լուսարձակիր, Եվրոպա» խորագրով ոչ մրցութային նախագիծ, որի շրջանակում հատուկ հեռարձակմամբ Եվրոպայի տարբեր ծայրերից տեսազանգով միացան մրցույթի տարբեր տարիների հաղթողներն ու ամենատպավորիչ մասնակիցները: Այս տարվա մասնակիցները, այդ թվում՝ «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Աթենա Մանուկյանը, ներկայացան համատեղ կատարմամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 12 թեկնածուներ։ Աթենան հաղթեց` հավաքելով 168 միավոր։ 60 միավոր նրան շնորհեց միջազգային, 58 միավոր` հայաստանյան ժյուրին, ևս 50 միավոր երգչուհին ստացավ հեռուստադիտողի sms-քվեարկության շնորհիվ։
Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը․ երկրպագուները գոհ են
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթն այս տարի չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Կվերադառնանք ավելի ուժեղ»․ Աթենա Մանուկյանն անդրադարձել է «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկմանը
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։