ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Արտակարգ դրության նոր ժամկետում՝ մայիսի 18-ից հետո, Հայաստանում կսկսեն գործել նաև հյուրանոցները, բայց պայմանով, որ պարտադիր վարեն բոլոր հյուրերի հաշվառման ռեգիստր: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ մեկնաբանելով պարետի որոշումը:
«Այն սահմանափակումները, որոնք հանելու են, զուգահեռ գործելու են պարտադիր կանոնները, որոնք խստորեն հսկվելու են»,- ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ չնայած սահմանափակումների թուլացմանը, մարդիկ, որոնք կունենան ակնհայտ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, հարբուխ, հազ, իրավունք չեն ունենա մուտք գործել հանրային սննդի օբյեկտներ: Իսկ օբյեկտների ղեկավարները պետք է այդ մասին հայտնեն առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով:
Նշենք, որ պարետի նոր որոշմամբ արտոնվել է նաև հանրային սննդի վայրերի՝ ռեստորանների, բարերի փակ տարածքների գործունեությունը:
Հայաստանում կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին են մահացել
Գործելու է նաև հանրային տրանսպորտը, բացվելու են նախկինում փակված առևտրի իրականացման բոլոր վայրերը, այդ թվում՝ մոլերը:
Նշենք, որ այսօր` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37 476 թեստավորում:
Պարետը հրապարակել է արտակարգ դրության նոր կանոնները. ինչ է կարելի և ինչպես է կարելի