ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Սևանի 20-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում է դիտավորությամբ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2020 թվականի մայիսի 13-ին, ժամը 21:10-ին «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ կրծքավանդակի հետին մակերեսի բազմաթիվ ծակած-կտրած թափանցող վերքերով բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 22-ամյա բնակիչ:
Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ։ Վեճի առիթը վերջիններիս պատկանող մանր եղջերավոր անասունների պատճառով ճանապարհի անանցանելի լինելն է։
«Այնուհետև 20-ամյա երիտասարդը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված շուրջ 10 անձանց հետ վիճաբանությունը շարունակել է Գեղամավան գյուղի մշակույթի պալատի շենքի հարակից հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի, և նա իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդի թիկունքին՝ առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով, և դիմել փախուստի»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Հովվաշունը երախով բռնել է տարեց կնոջ կոկորդից ու թափահարել. փեսան վրեժ է լուծել զոքանչից
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: