ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը մեղադրեց նախկին իշխանությունների հետ նույն համատեքստում գործելու համար։
«Կա մի քաղաքական համատեքստ, որը ծնունդ է առել այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին իսկ օրվանից սկսած, և այդ համատեքստը հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ողջ օրը ինչ-որ անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ-ի պատգամավորները չեն տարբերվում նախկին ԱԺ պատգամավորներից, որ նրանք բռնությանը կողմ են և այլն։ Շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս համատեքստն ու մթնոլորտայնությունը ստեղծել։ Նախկին իշխանություններին։ Իրենք ուզում էին տարբեր մեթոդներով ապալեգիտիմացնել այս գումարման ԱԺ-ն` ներառյալ իրենց լրատվամիջոցների օգնությամբ։ Եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստանի» առանձին պատգամավորների կամ խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով` մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր` ԱԺ պատերից դուրս, մի օր ԱԺ-ից դուրս է ծեծկռտուք լինում, մի օր` ԱԺ-ի ներսում։ «Հեչ պարտադիր չէ, որ «Լուսավոր Հայաստանի» և նախկին իշխանությունների միջև անմիջական հանդիպում լինի համագործակցություն համար։ Բավական է միայն այն, որ խմբակցությունն իր գործողություններով ասես ծառայություններ է մատուցում նախկին իշխանությանը»,– ասաց Ռուբինյանը։
ԱԺ պատգամավորի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
Այդուհանդերձ, պատգամավորը կարծում է, որ ժամանակն է վերջ տալ վերջին իրադարձությունների հետ կապված քննարկմանը։
«Մեր հանրությունն արժանի է ավելի բովանդակային, ավելի քաղաքական խոսակցությունների ԱԺ-ում։ Վստահ եմ` այս ընթացքում հանրությունը հետևություններ արել է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։
Սասուն Միքայելյանը ներողություն պահանջեց Մարուքյանից ու նրա եղբորից, որը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոշտ արտահայտություններ էր արել Սասուն Միքայելյանի հասցեին: Պատգամավորը հայտարարեց` ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրացնելով գործընկերոջ առաջարկը, նշեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնն անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:
Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»