ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 6 քաղաքացու մոտ։
«Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական։ Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ վարակված մարդու շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 7-ից, ԱՀ պարետի որոշման համաձայն, Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում մտցվել էին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, իսկ մայիսի 12-ից սահմանափակվել է ամբողջ շրջանի տեղաշարժը:
Մինչ օրս Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:
Արցախում կորոնովիրուսով վարակված մայրն ու դուստրը դուրս են գրվել հիվանդանոցից. տեսանյութ