Կարեն Վերանյանի դիտարկմամբ` Հայաստանի ռազմական ավիացիան իր փորձառությամբ, ձեռքբերումներով և արդյունավետությամբ խորհրդային ժառանգության շարունակությունն է, ինչը պատմականորեն փոխանցվել է անկախ Հայաստանին, ներառյալ սպայական փորձը, ռեսուրսներն ու հնարավորությունները։
«Ուղղակի կար զուտ տեխնիկայի խնդիր` կապված Ադրբեջանի հետ ռազմականացման մրցակցության հետ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր ռազմաօդային ուժերը շատ ավելի հագեցած լինեին ժամանակակից ռմբակոծիչներով, ինչը միջազգային իրավական ընթացակարգերով կարգավորվող խնդիր է, բայցևայնպես մեր վերջին ձեռքբերումները իսկապես լուրջ առաջընթացի հիմքեր են ստեղծել»,– նշում է փորձագետը։
Կարեն Վերանյանի կարծիքով` առհասարակ խորհրդային ժառանգությունից եկող և այսօրվա մեր սպայակազմի կողմից գործին հրաշալի տիրապետելու հմտությունը թույլ է տալիս կատարել հիմնական մարտական առաքելությունն ու լուծել օդուժի առջև դրված խնդիրները։
«Այս առումով կարելի է ասել, որ մեր հիմնական ձեռքբերումը մարդկային կապիտալն է, հետո նոր ռազմական տեխնիկան, քանի որ առանց համապատասխան պրոֆեսիոնալ անձնակազմի, առանց փորձառու, միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների հնարավոր չէր լինի ապահովել ներկայիս բարձր որակն ու մի քանի քայլ առաջ գնալ ռազմական ավիացիայի ոլորտում։ Հուսանք, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն գալիք տարիներին ու տասնամյակներին»,– ասում է փորձագետը։
Կարեն Վերանյանի գնահատմամբ` հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր երիտասարդ սերունդը շատ հմուտ կերպով տիրապետում է իր գործին, ինչպես նաև խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած և նորագույն շրջանում ձեռքբերված տեխնիկային։ Ըստ նրա` հենց այդ փորձառությունն էլ թույլ է տալիս բարձր գնահատել պաշտպանության ոլորտում, մասնավորապես ռազմական ավիացիայի բնագավառում ծառայողների մակարդակը։
Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ
Անդրադառնալով ՀՀ եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի գործունեությանը` Կարեն Վերանյանը նշում է, որ ՀՕՊ համակարգերի արդյունավետության բարձրացման խնդիրն անվտանգության ապահովման տեսանկյունից մեզ համար ունի կենսական նշանակություն։ Շատ կարևոր է նաև, որ արտերկրում մեր ավիացիայի մասնագետներին բարձր են գնահատում։
«Հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ այս ոլորտում իրականացվում են հստակ աշխատանքներ` զարգացնելով երկու երկրների ՀՕՊ համակարգերի կոորդինացված գործունեությունը և ընդլայնելով փոխգործակցության շրջանակները։ Սերտ համագործակցությունը Հայաստանին թույլ է տալիս վերահսկել հակառակորդ երկրներից` Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքները»,– վստահեցնում է փորձագետը։
Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին
Կարեն Վերանյանի դիտարկմամբ` հատկապես Թուրքիան շատ ակտիվորեն ներգրավված է հարավկովկասյան օդային պաշտպանության և օդային տարածքի վրա վերահսկողություն հաստատելու քաղաքականության մեջ, հետևաբար շատ կարևոր է նաև ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ–ում, առավել ևս, որ ռուսական զինուժն իր զինանոցը համալրել է նորագույն ՀՕՊ տեխնիկայով ու արդյունավետորեն վերահսկում է նախիջևանյան ուղղությունը` զսպելով թուրքերի նկրտումները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանից ձեռք բերված ՍՈւ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում են 2019թ.–ի դեկտեմբերից։
Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։