ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Մայիսի 5-6-ը ՀՀ ԶՈւ տարբեր զորամասերում անցկացվել են մարտավարական զորավարժություններ, դաշտային ու շտաբային մարզումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը մայիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց նպատակն է մարտական գործողությունների ժամանակ կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելը:
Առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ, դրանց լուծման համար, ըստ ուղղությունների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Զորամասի շտաբը, զորատեսակներն ու ծառայությունները ցուցադրել են բարձր պատրաստություն:
Մայիսի 6-ին Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մարտավարական զորավարժություն է անցկացվել 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը, զորավարժությանը մասնակցող զինծառայողները դաշտային պայմաններում ցուցադրել են մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստություն, հրամկազմի գործողությունները և ստորաբաժանումների փոխգործակցությունը գնահատվել է գերազանց:
Մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով նույն օրը մարտական հրաձգությամբ մարտական զորավարժություն է անցկացվել նաև 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում: Բացազատվել են ուսումնական կետեր, ստուգվել է վաշտերի փոխգործակցությունը մարտի ժամանակ, ստորաբաժանումները ցուցադրել են մարտավարական գործողություններ:
Իսկ 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 6-ին դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական գործնական պարապմունք:
Խորհրդակցություն ՊՆ-ում․ Արտակ Դավթյանը ներկայացրել է ԶՈՒ նորանշանակ պաշտոնյային
Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու մասնագիտական ունակությունները: Ցուցադրվել են քողարկման հատուկ հնարքներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտություններ: