Երևանում այսօր տեղացած անձրևը խնդիրների առաջ է կանգնեցրել վարորդներին և ոչ միայն նրանց։ Մայիսի 6–ի երեկոյան մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենայով անգամ ավտոբուսով երթևեկելը եթե չասենք անհնար, ապա շատ դժվար էր դարձել։
Ջրահեռացման` տարիներով չլուծվող խնդրի հետևանքով երևանյան փողոցները ողողվել էին ջրով, դրությունը կփրկեին վենետիկյան ջրային ավտոբուսները, բայց, ցավոք, դրանցից չունենք։
Sputnik Արմենիայի թղթակիցը դժվարությամբ տուն հասնելու ճանապարհին նկարահանել է «ջրային» իր ճամփորդությունը։
Իսկ Shamshyan.com–ի տեղեկություններով` անձրևի հետևանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը ողողվել է ջրով։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, իսկ վարորդները չեն կարողացել ավտոմեքենաները դուրս բերել։
Օգնության են հասել ՀՀ ԱԻՆ աշխատակիցները։ Գագիկ Շամշյանն էլ իր Facebook—ի էջում նաև նկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ փողոցները ծնկաչափ ջրով են լցված։
Հիշեցնենք, այսօր երեկոյան ժամին Երևանում և Հայաստանի շատ շրջաններում երկար ժամանակ հորդառատ անձրև տեղաց։