ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը նոր երգ ունի, որը շուտով հանդիսատեսին կներկայացնի: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
«Շուտով կներկայացնեմ իմ նոր երգը ․․․ պաշտոնական թողարկումը տեղի կունենա մայիսի 15-ին»,- գրել է Աթենան։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 12 թեկնածուներ։ Աթենան հաղթեց` հավաքելով 168 միավոր։ 60 միավոր նրան շնորհեց միջազգային ժյուրին, 58 միավոր` հայաստանյան ժյուրին, ևս 50 միավոր երգչուհին ստացավ հեռուստադիտողի sms-քվեարկության շնորհիվ։
Աթենան խոստովանել էր, որ միշտ ցանկացել է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»։
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթն այս տարի չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Մարտի 17-ին «Եվրատեսիլի» կազմակերպիչները Twitter-ի իրենց պաշտոնական էջում գրել էին, որ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով որոշում կկայացնեն։
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։