ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մեծ հայրենականի վետերանները, որոնք բնակվում են Հայաստանում, հոբելյանական («1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմի Հաղթանակի 75-ամյակ») մեդալներ կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մեդալներ են ստացել Հայրենական մեծ պատերազմի ութ վետերաններ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են։ Հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 4-ին։ Բոլոր մեդալները ձուլվել են Ռուսաստանում, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ու տարեսկզբին փոխանցվել են հայկական կողմին։
«Գլխավոր հյուպատոսությունն ու դեսպանատունն արդեն հանձնել են մեդալները Ռուսաստանի քաղաքացի վետերաններին»,-ասացին դեսպանատնից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ մեդալները կփոխանցի Մեծ հայրենականի՝ ազգությամբ հայ մասնակիցներին։ Գերատեսչությունը համապատասխան մեդալներն արդեն ստացել է և պատրաստվում է վետերանների պարգևատրմանը։
Դեսպանատունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ քննարկել է Հաղթանակի տոնի կապակցությամբ վետերաններին լրացուցիչ պարգևատրելու հարցը։ Որոշել են այդ նպատակով Հայաստանում բնակվող Մեծ հայրենականի վետերաններին 8 միլիոն դրամ հատկացնել։ Գումարը փոխանցվել է Վետերանների միությանը, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության ռեժիմի ավարտից՝ մայիսի 14-ից հետո գումարը կփոխանցեն հասցեատերերին։
Սովետա-իրանական ճակատ. քչերը գիտեն, որ նրանք զոհվեցին Հայաստանում. տեսանյութ
Մայիսի 9-ին պաշտոնյաները նեղ շրջանակով ծաղիկներ կխոնարհեն Հաղթանակի այգու անմար կրակի մոտ։
Նշենք՝ երկրորդ աշխարհամարտի մասնակիցներից Հայաստանում ողջ են մնացել 276-ը։ Հայաստանից 600 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ, նրանցից 300 հազարը մահացել են։
Հայաստանը ԽՍՀՄ 150 հերոս է տվել, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ-ի բնակչության 20%-ը։ Այդ ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև՝ երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից երկրների շարքում։