ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այս տարի կապիտալ ծախսերի համար իրենց գերատեսչությանը 4.4 մլրդ դրամ է հատկացվել:
Վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարը նշել է, որ այդ միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային հուշարձանների վերականգնմանը, գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացմանը, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգմանը և այլն:
Բացի այդ, կազմվել են ևս 4.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն էլ հայտնել է, որ ՀՀ 74 կրթական միավորների նախագծերի մշակման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մինչև 2020 թ. հուլիսի վերջ:
Ինչ վերաբերում է մշակութային հուշարձանների վերականգնման, պահպանության և զարգացման աշխատանքներին, վարչապետը դրանք կարևորել է հատկապես պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և զբոսաշրջային գրավչության բարձրացման համատեքստում:
Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։
Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի ` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Մայիսի 1-ին հայտարարվեց, որ այսօրվանից` մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն այլևս չի լինի։