ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՌԵՆ ՏՎ-ն հայտնում է, որ երբ 7 և 10-ը տարեկան տղաներն ընկել են մոսկովյան բնակարանի պատուհանից, նրանց 41-ամյա մայրն ու ավագ քույրը տանն են եղել։
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Տատալախինի փողոցում։ Երեխաները տեղում մահացել են։ Եղբայրների մարմինները հայտնաբերել են մայթի վրա։ Որոշ ավյալների համաձայն՝ հնարավոր է՝ նրանց տատն ու պապը նույնպես տանն են եղել։
Միջադեպից հետո նրանց մայրը շոկային վիճակում է հայտնվել ու ոչինչ չի կարողացել հայտնել ոստիկաններին։ Ավելի ուշ տուն է վերադարձել նրանց 44-ամյա հայրը։ Նա գործարար է ու դեպքի պահին բացակայել է տնից։
Հայտնի է, որ մահացածներից ավագը սովորում էր չորրորդ դասարանում, հեռավար ուսուցում էր ստանում։ Նրանց մայրը Instagram–ում բլոգ էր վարում իր ու երեխաների անունից։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձնանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
Երևանում «Audi»-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու նրա 5-ամյա որդին հիվանդանոցում են
«ՄԿ»-ն իր հերթին հայտնում է, որ տղաներից մեկը մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ հաղորդման» «Հայացք ներքևից» թողարկմանը։
Եղբայրները նաև պարի էին հաճախում։ Նրանց ուսուցիչներն ասել են, որ տղաների մոտ դեպրեսիվ տրամադրություն կամ սովորելուց խուսափելու ցանկություն չեն նկատել: