ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Որքան մեղմացվում են տնտեսական ոլորտի գործունեության սահմանափակումները, այնքան ուժեղացվում է անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողությունը: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, թե ինչ նոր մոտեցում է կիրառվելու համավարակի տարածումը կանխարգելելու և իրավիճակը վերահսկելու համար:
«Փակ տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալելու համար յուրաքանչյուր տնտեսվարող կնշանակի պատասխանատու, որը կլինի կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված բոլոր խնդիրների պատասխանատուն կոնկրետ այդ գործարանում կամ ընկերությունում», -նշեց Սիմոնյանը:
Հայաստանի կառավարությունը որոշել է մայիսից 4-ից վերացնել տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։
Ռեստորաններն ու սրճարանները կգործեն, բայց միայն բացօթյա տարբերակով. նոր որոշում
Ըստ Վարոսյանի՝ կլինեն սանիտարահիգիենիկ կանոններ սահմանող հատուկ ուղեցույցներ տարբեր ոլորտների համար, որոնցով պետք է առաջնորդվեն տնտեսվարողները։ Դրանք ենթադրում են անհատական, սոցիալական և բիզնես պատասխանատվություն։ Ուղեցույցները հրապարակվելու են կառավարության պաշտոնական կայքում, տնտեսվարողները կիրազեկվեն նաև պետական այլ պատասխանատու գերատեսչությունների միջոցով։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Կառավարությունը ապրիլի 11-ին որոշում կայացրեց արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ։
Մայիսի 4-ից քաղաքացիներից այլևս չի պահանջվի տնից դուրս գալ տեղաշարժման թերթիկով։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2148–ի։