Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների մարտ ամսվա ամբողջ ֆոնդը՝ շուրջ 140 մլն դրամ, փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին։ Բացի դրանից, իրագործվել է շուրջ 60 մլն դրամի սոցիալական աջակցության ծրագիր, և դա այն դեպքում, երբ սոցիալական ապահովությունն, ըստ Կարապետյանի, Երևանի քաղաքապետարանի հիմնական գործառույթը չէ։
Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող հարցապնդմանը, թե ինչ բացառիկ արժանիքների համար են պարգևատրվում քաղաքապետարանի աշխատակիցները, մամլո խոսնակը նշեց, որ պարգևավճարների թեման ընդհանուր առմամբ բավականաչափ քննարկված է, և այդ առթիվ ներկայացվել է հստակ կարծիք, ըստ որի` պատասխանատվության մեծ բաժին ստանձնած և համայնքին առանձնահատուկ ծառայություն մատուցող պաշտոնյաները արժե, որ բարձր վարձատրություն ստանան։
«Կոնկրետ Հայկ Սարգսյանի և Կարեն Համբարձումյանի առթիվ նշեմ մեկ-երկու փաստ, որոնք առնչվում են նրանց գործունեությանը։ Հայկ Սարգսյանի և նրա ղեկավարած բլոկի աշխատանքի շնորհիվ Երևան համայնքում 2019թ–ին 3 մլրդ 200մլն դրամի լրացուցիչ եկամուտ է ապահովվել, ինչը բարեխիղճ կառավարման փայլուն օրինակ է։ Հայկ Սարգսյանի ղեկավարած բլոկի միջոցով Երևան քաղաքի բյուջեն 2020թ–ին նախորդող տարիների համեմատ աննախադեպ բարձր տոկոսային աճ է գրանցել՝ շուրջ 25 մլրդ դրամի չափով»,– Sputnik Արևմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
Պարգևավճարների թեման ավելի բուռն կլինի 2-րդ եռամսյակում, երբ եկամուտները թերի կհավաքվեն
Կարապետյանի տեղեկացմամբ` Կարեն Համբարձումյանն այլևս քաղաքապետարանում չի աշխատում, որովհետև տեղափոխվել է Վերաքննիչ դատարան` որպես դատավոր։ Այդուհանդերձ, ըստ Կարապետյանի, նրա աշխատանքի շնորհիվ իրավաբանորեն գրագետ ձևով քաղաքապետարանը հաղթահարել է աղբի ճգնաժամը։ Ըստ այդմ` նաև Համբարձումյանի աշխատանքի շնորհիվ է քաղաքապետարանը կարողացել ճիշտ ժամանակին լուծել խնդիրը։
Մամուլի խոսնակը վկայակոչում է այն հանգամանքը, որ ութ ամիս առաջ մայրաքաղաքը «Սանիտեքի» սադրիչ գործողությունների պատճառով կանգնել էր ծանրագույն աղբային ճգնաժամի, նույնիսկ աղետի առաջ, բայց Համբարձումյանի և նրա ղեկավարած իրավական բլոկի շնորհիվ նշված կազմակերպության սպառնալիքների համատեքստում քաղաքապետարանը տույժ ու տուգանքների չի ենթարկվել և հակառակը` ներկայացրել է միլիարդավոր դրամների փոխհատուցման հայցեր։
Կարապետյանի փոխանցմամբ` տվյալ խնդրում էմոցիոնալ գործոն չկա, և մարդիկ վարձատրվել են իրենց լավ աշխատանքի համար, ինչը ռացիոնալ հաշվարկի ու կառավարման մեթոդաբանություն է։ Ըստ նրա` մարդիկ, որոնց աշխատանքի արդյունքում քաղաքի համար ստեղծվում են զարգացման նախադրյալներ, պարգևատրվելու իրավունք ունեն։
35 մլն դրամ պարգևավճար ԱԺ-ին. պետական համակարգը հավելավճարներից չի հրաժարվում