ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարևորել են մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցությունը։
Փաշինյանն ու Ռոհանին գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:
ՀՀ վարչապետը Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 30-ին Ռոհանին այցելել էր Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկում էին ունեցել` անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։