Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Երկարամյա «կռիվը ստվերի հետ» բավական ձանձրալի զբաղմունք է և թույլ չի տալիս Բալթիական տարածաշրջանում հաստատել օտարերկրյա զորքերի ներկայության ո՛չ օգտակարությունը, ո՛չ էլ նշանակությունն առհասարակ։
Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ստիպված է Ռուսաստանի Բալթիական նավատորմի նավերի և ինքնաթիռների առօրյա պլանային աշխատանքների ֆոնին սյուժեներ հորինել սեփական խիզախության մասին և արդիական հոլովակներ ստեղծել։
Բելգիայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը (որի ինքնաթիռները հսկում են Բալթյան երկրների երկինքը) ապրիլի 17-ին տեսագրություն է հրապարակել, թե ինչպես են Բալթիկ ծովի երկնքում F-16 բելգիական կործանիչները որսում և ուղեկցում ռուսական ՍՈւ-24Մ ճակատային ռմբակոծիչներին, Սու-27 և Սու-30ՍՄ կործանիչներին։ «Որսացել են» իբր այն ժամանակ, երբ ռուսական ավիացիան թռիչքներ էր իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի USS Donald Cook էսկադրային ականակրի վերևում՝ Լիտվայի ափամերձ տարածքում։
Պատրաստվում են հարվածի, կամ ինչու է ՆԱՏՕ–ն իր կողմը գրավում Հյուսիսային Մակեդոնիային
Այդ «դրամատիկ պահի» կրակին յուղ լցրեց նաև բրիտանական խոշորագույն Daily Mail տաբլոիդը: Այսինքն՝ վեբ կայքի հազարավոր այցելուները մեկ օրում կարող էին տեսնել միջազգային օդային տարածքում «ուրբաթօրյա բախման» կադրերը և զգալ, թե որքան վտանգավոր են այդ ռուսներն իրենց «օդ-մակերևույթ» սարսափելի «հաստամարմին» հրթիռներով։ Շատերն էին տպավորված. սոցցանցում գրեթե 300 մեկնաբանություն կար, 700 օգտատեր տարածել էին տեսանյութը։
Սակայն ռուսական ինքնաթիռների թռիչքն ու բելգիական F-16-ի հետ նրանց հանդիպումը, այնուամենայնիվ, կապված են ոչ թե «Կուկի» որսի, այլ Բալթիական նավատորմի սովորական վարժանքների հետ։
Պլանային զորավարժություններ
Ռուսաստանի արևմտյան ռազմական շրջանի և Բալթիական նավատորմի պատասխանատվության գոտում այս օրերին ցամաքային զորքերի, ավիացիայի, հակաօդային պաշտպանության և նավատորմի ուժերի ինտեգրված վարժանքների մի ամբողջ շարք է ծավալվում։ Սա պլանային ակտիվություն է, որը կապված չէ տարածաշրջանում ամերիկյան Donald Cook Էսկադրային ականակրի կամ բելգիական կործանիչների ներկայության հետ։ Հետախուզության և «Կուկի» շուրջ թռիչքի համար մեկ Սու-24ՄՌ-ի ինքնաթիռը բավական կլիներ, Բալթիայում և Սև ծովում մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել սյուժեի նման զարգացմանը: Այսօր ավելի կարևոր խնդիրներ կան։
Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի միավորման Սու-30ՍՄ և Սու-24 ինքնաթիռների անձնակազմերը ապրիլի 21-ին թռիչքներ են կատարել Կալինինգրադի մարզի և ծովի վրա, փորձել են ցամաքային ստորաբաժանումների կրակային աջակցության առաջադրանքները, զինափորձարաններում ոչնչացրել հրամանատարական կետերը, պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և զորքերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել տարբեր բարձրությունների և արագությունների ժամանակ հարձակողական և պաշտպանական մանևրների կիրառմամբ օդաչուների աշխատանքին: Նույն օրը Կալինինգրադի մարզի «Դոնսկոյե» օդանավակայանում Մի-24 հարվածային ուղղաթիռների, Մի-8 տրանսպորտային ուղղաթիռների և Կա-27 և Կա-29 նավային ուղղաթիռների անձնակազմերն ապահովել են ծովային դեսանտի իջեցումը սարքավորումներից զուրկ ծովափում:
Միաժամանակ նավային դեսանտային խումբը («Կալինինգրադ» և «Կորոլյով» մեծ դեսանտային նավերի, «Եվգենի Կոչեշկով» փոքր դեսանտային նավի և դեսանտային կատերների կազմով) հետ է մղել պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումը: Ընդ որում ՝ անձնակազմերն ակտիվորեն օգտագործել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։ Այնուհետեւ մեծ դեսանտային նավերը ծովային թիրախների վրա հրետանային հրաձգություն են կատարել:
Բալթիկ ծովում կործանվել է Ка-29 ուղղաթիռը. կան զոհեր
Դեսանտի իջեցումը տեղի է ունեցել Կալինինգրադի մարզի Խմելևկայի ռազմափորձարանում: Ծովային հետևակի ստորաբաժանումները, նավերի անձնակազմերը և ավիացիան աշխատել են ծովից պայմանական հակառակորդի հակադեսանտային պաշտպանությունը ճեղքելու և ափերը գրավելու առաջադրանքների վրա: Ծովից կրակային աջակցության պայմաններում ափին գործում էին Բալթիական նավատորմի ծովային հետևակի միավորման դեսանտա-գրոհային վաշտերը և շուրջ 20 միավոր ԲՏՌ-82Ա զրահամեքենաներ։
Բալթյան նավատորմի հրթիռային նավերի անձնակազմերը մարտական հրաձգություն են իրականացրել օդային թիրախների ուղղությամբ և մշակել ծովային և առափնյա թիրախներին թևավոր հրթիռներով հարվածներ հասցնելու առաջադրանքը:
Զորավարժությունների բովանդակությունն ու բնույթը օտարերկրյա «գործընկերներին» ակնառու կերպով ցույց են տալիս Բալթյան տարածաշրջանում Ռուսաստանի օպերատիվ և ռազմավարական գերազանցությունը: «Օդային ոստիկանության» ութ բելգիական կործանիչներն ու մեկ ամերիկյան Էսկադրային ականակիրն այստեղ եղանակ չեն ստեղծում։
Մկների վազվզոց
Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության գարնանային սրացման շրջանում USS Donald Cook ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը նպաստում է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային միջոցների համար մարտական կառավարման, կապի և հետախուզության ավտոմատացված համակարգի ձևավորմանը:
Սակայն «գործընկերները» մի քանի քայլ հետ են մնում։ Առաջատար բարձր տեխնոլոգիական սպառազինությունը և աշխարհագրական դիրքը Ռուսաստանին անխոցելի են դարձնում ինչպես Բալթիկ ծովում, այնպես էլ բալթիական ափին:
Ըստ երևույթին, Բրյուսելում և Վաշինգտոնում խելամիտ հրամանատարները հասկանում են դա։ Այլապես ապրիլի 22-ին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Տոդ Ուոլթերսը «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» չէին քննարկի։ Նման շփումները պահպանվում են ՝ չնայած Ռուսաստան – ՆԱՏՕ հարաբերությունների լիակատար սառեցմանը։
Մոսկվան ԱՄՆ-ի սահմանների մոտ, օրինակ ՝ Մեքսիկայում, ռազմաբազաներ չի կառուցում, և իրավունք ունի Վաշինգտոնից նույնպիսի խաղաղասիրություն ակնկալել։ Սակայն Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում հազարավոր օտարերկրյա զինծառայողներ կան, այդ թվում ՝ ամերիկացիներ։ Բալթիական երկրները վերածվել են մի մեծ ռազմափորձարանի և ռազմական հենադաշտի։
Դաշինքի բազմազգ գումարտակը (շուրջ 1400 զինծառայող) Մեծ Բրիտանիայի ընդհանուր հրամանատարության ներքո տեղակայված է Տապա ռազմակայանում՝ ռուսական սահմանից 100 կմ հեռավորության վրա: Այստեղ կենտրոնացված են հարյուրավոր ստորաբաժանումների ծանր մարտական տեխնիկան, զինանոցը և պահեստները, նորացված թռիչքուղին։ Հանրապետությունում գործում է ևս մեկ խոշոր ռազմական բազա՝ Էմարին, որն էստոնական բանակի համար ակնհայտորեն չափազանց մեծ է։
Լատվիայում ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի ներկայությունը (կանադական «գործընկերների» հրամանատարության ներքո) նույնպես հարցեր է առաջացնում սահմանակից Ռուսաստանում։ Բացի այդ, Լիելվարդում ստեղծվել է տարածաշրջանում դաշինքի ամենախոշոր ավիաբազան։ Լիտվայում դաշինքի բազմազգ լեգիոնը ղեկավարում է Բունդեսվերը։
Կարելի է երկար թվարկել իբրև թե ռոտացիայի վիճակում գտնվող արտասահմանյան ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, զրահամեքենաների և տանկերի քանակն ու տեսակները: Հարցն անգամ ՆԱՏՕ-ի զորքերի և ուժերի քանակը չէ, ռազմաքաղաքական լարվածությունն առաջանում է Ռուսաստանի շեմին թշնամական բլոկի մարտական (հարվածային) ենթակառուցվածքի ներկայությունից ու դրա ընդլայնումից։ Այս «մկների վազքի» ֆոնին Բալթիական նավատորմի և արևմտյան ռազմական շրջանի ակտիվությունն արդարացված է, անհրաժեշտ և կշարունակի աճել:
ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին