ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել Twiter-ի իր էջում, որում աջակցություն է հայտնել ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:
«Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Կիպրոսը հիշում է այս նողկալի հանցագործության զոհերին ու հարգում նրանց հիշատակը։ Մենք աջակցում ենք միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- գրել է Կիպրոսի նախագահը։
Today marks the 105th anniversary of the #ArmenianGenocide perpetuated by the Ottoman empire. #Cyprus remembers the victims of this abhorrent crime and honours them by supporting the efforts for the recognition of the genocide by the international community.#1915NeverAgain
— Nicos Anastasiades (@AnastasiadesCY) April 24, 2020
Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այսօր Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունները՝ ապահովելով խորհրդանշական մասնակցություն։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն-ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
«Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»․ ռուսաստանցի աստղերը տեսանյութ են տարածել