Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկմամբ` սահմանադրական փոփոխությունների հարցը մնում է խիստ արդիական, պարզապես այստեղ առավել արդիական է դառնում ներկայացված փոփոխությունների նախագծի որակը։ Ըստ նրա` եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանձնաժողովն իր փաստացի ունակություններով հանդերձ կարողանա ճիշտ և որակյալ ներկայացնել, ապա մենք կունենանք բավական դրական տեղաշարժ։
Հարցին՝ ինչու՞ են ՀՀ նախորդ իշխանությունները փորձում փոփոխել Սահմանադրությունը, իրավագետը նշեց, որ առաջին նախագահից ի վեր բոլորի նախաձեռնությունները միտված են եղել ոչ թե պետականության որակի բարձրացմանը, այլ սեփական իշխանության հարմարավետության բարձրացմանը։ Ըստ նրա` եթե դրանք իշխանությանը ծառայող դրվագային փոփոխություններ են, բնականաբար Սահմանադրությունը երկար կյանք ունենալ չի կարող և որակապես կենսունակ չի լինի։
«Սահմանադրական փոփոխությունների այս հանձնաժողովը ենթադրենք լրիվ ազնիվ մղումներով փորձում է դրական գործ անել, ենթադրենք փոփոխությունները միտված չեն գործող իշխանության հարմարավետությանը, բայց այստեղ ես, որպես մասնագետ, կասկածներ ունեմ առ այն, որ այստեղ խոսքը վերաբերում է խորությամբ սահմանադրականության ընկալմանը։ Արդյո՞ք հանձնաժողովի անդամները փաստացի իրենց գիտելիքներով ունակ կլինեն ներկայացնել իրական փոփոխությունների նախագիծ»–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավագետը։
Այվազյանի համոզմամբ` Սահմանադրության նախագծի որակականությունը զուտ տեքստերով կամ բառերով չի որոշվում։ Ըստ նրա` իդեալական տարբերակով սահմանադրական փոփոխությունները մշակում և ներկայացնում են ազգի հայրերը, իսկ նման կարգավիճակի համար անհրաժեշտ է ամենայն խորությամբ տիրապետել Իրավունքի էությանն ու փիլիսոփայությանը։ Այվազյանի կարծիքով`համարժեք գիտելիքներ չունենալու դեպքում այլ երկրների Սահմանադրություններից բառաքաղ են անում, արտագրում են որոշակի դրույթներ, և իմաստային սահմանադրականությունից բխող երևույթը դառնում է բառախաղ։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված աշխատանքները դադարեցվում են. ԿԸՀ
Իրավագետի դիտարկմամբ` հասարակական ընկալումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնողները պետք է դրանք հասցնեն լայն շրջանակներին։ Նրանք պետք է հասարակությանը մատչելի և մասնագիտական մակարդակով մատուցեն փոփոխությունների հրատապությունը, արդիականությունն ու անհրաժեշտությունը` կարողանալով խորությամբ հիմնավորել իրենց յուրաքանչյուր բառը, տառն ու կետը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու համար նոր ժամկետ է սահմանել` հանձնարարելով մինչև 2020թ–ի դեկտեմբերի 31-ն ապահովել սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը և մինչև 2021թ–ի հունիսի 30-ը այն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ։