ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» որոշում կայացրեց: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերևութաբանության ծառայության վերլուծության արդյունքները, 2019-20 ձմռան ու նախաձմեռային շրջանում տեղումների սակավությունն ու ջերմաստիճանը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է 2020 թ-ի գարնանը կանխատեսվող տեղումների ծավալին, Գրիգորյանը չհերքեց, որ այդ շրջանի համար կանխատեսվել է նորմայից բարձր տեղումների քանակ, բայց նաև նշեց, որ անձրևները բավարար չեն ջրային ռեսուրսները համալրելու համար:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է 70 հա անտառ տնկել
«Տեղումների մեծ մասը հնարավոր է` վարարումների, հեղեղումների տեսքով շատ արագ դուրս գա և չօգտագործվի: Իսկ հոսքի վրա հիմնականում ազդում է ձնածածկույթը, որը շատ փոքր է եղել»,- ասաց Գրիգորյանը:
Նախարարը հայտնեց, որ նախագծի ընդունումն այս պահին ուղղված է առավելապես ամռան սեզոնին հնարավոր ռիսկերի կառավարմանը:
Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ է ջրասակավության մասին որոշում ընդունում 2019թ-ին ջրային օրենսգրքում իրականացված համապատասխան փոփոխությունից հետո: