ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի-Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եղել է Ծաղկաձորում, այցելել մեկուսացման հատուկ վայրեր: Facebook-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում նա պատմել է, թե ինչպես են իրենց զգում տարբեր հյուրանոցներում մեկուսացված մեր քաղաքացիները:
Նա տեղեկացրել է, որ այս պահին Ծաղկաձորում մեկուսացման 9 վայր կա, որոնցում մոտ 750 քաղաքացիներ են իրենց 14-օրյա կարանտինն անցկացնում: Այսօր նրանց կմիանան նաև ՌԴ-ից չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան ժամանող մեր 203 քաղաքացիները:
«Հավաստիացնում եմ՝ բոլոր վայրերում և՛ մեր բուժաշխատողները, և՛ կամավորները, և՛ մեկուսացման վայրերի կառավարիչները, ինչպես նաև որոշ հյուրանոցների կառավարիչները պատշաճ հսկողություն, բուժօգնություն, ամեն ինչ կազմակերպում են»,- նշեց նախարարը՝ անկեղծանալով, որ, իհարկե, խնդիրներ լինում են, բայց դրանց արագորեն լուծում են տալիս:
Թորոսյանը վստահ է՝ մեկուսացման այս քաղաքականությունը թույլ է տվել մեզ խուսափել վարակի ավելի լայն տարածումից: Այսօր Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 350-400-ը նախապես մեկուսացված են եղել: Դա նշանակում է՝ եթե նրանք մինչև թեստի դրական պատասխանի ստացվելը մեկուսացված չլինեին՝ կարող էինք չիմանալ նրանց վարակված լինելու մասին, և նրանք ուրիշներին էլ կվարակեին:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ներկայում մեկուսացման հատուկ վայրեր կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում, երևանամերձ շրջաններում:
«Այդ գործողությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ կարողանալու ենք զսպել վարակի տարածումն այդ շատ կարևոր միջոցառումով»,- ասաց Թորոսյանն՝ ընդգծելով, որ այս ամենը ներկայացնում է, որպեսզի իրավիճակի պատկերն առավել հստակ լինի:
Վարակի տարածումը զսպելը հեշտ չէ, միայն մեկ կառույցի ջանքերով հնարավոր չէ դիմագրավել համաշխարհային մարտահրավերին: Արդյունքի հասնելու համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական ջանքերն ուղղի՝ սահմանափակելով շփումներն ու խստորեն պահպանելով անվտանգության կանոնները:
«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը
Նա նաև օգտատերերին պատմեց սեփական օրինակը՝ ծնողներին գրեթե 1 ամիս չէր տեսել՝ հաշվի առնելով, որ այցելում է ռիսկի գոտիներ ու չի կարող ապահովագրված լինել վարակվելուց, թեպետ հետևում է բոլոր կանոններին:
«Այցելեցի, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց: Անգամ շատ ցանկանալով՝ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել»,- խոստովանեց նախարարը՝ ևս մեկ անգամ հորդորելով անձնական պատասխանատվություն դրսևորել մոլորակի համար դժվարին այս օրերին:
Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1473 է: Վերջին մեկ օրում վարակման 72 նոր դեպք է արձանագրվել։
28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով