ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկրում սանիտարահամաճարակային վիճակի թեմայով ժողովի ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի տարածումը Ռուսաստանում շարունակվում է, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայում: նախագահն ասել է, որ իշխանությանը հաջողվել է գործընթացը դանդաղեցնել, թեև հիվանդության պիկը դեռ առջևում է։
«Գիտեք, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Համաճարակի տարածումը, ցավոք, շարունակվում է, կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է ոչ միայն Մոսկվայում (որն առաջինը բախվեց վտանգին), բայց մենք հասկանում էինք դա, պատրաստվում էինք դրան։ Մենք գիտեինք, որ համաճարակն այլ շրջաններ էլ կներխուժի, ու ցավոք դա տեղի ունեցավ», - ասել է նա։
Նախագահը նշել է, որ կանխարգելիչ միջոցների շնորհիվ հաջողվել է ինչ-որ չափով դանդաղեցնել, զսպել գործընթացը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ կարող է բախվել վարակին, ու շատ կարևոր է, որ բուժաշխատողները բոլոր տարիքի մարդկանց և ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտներին օգնություն ցուցաբերելու համար գործողությունների ալգորիթմեր ունենան։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն հղի կանայք ու երեխաները, այդ թվում՝ նորածին։
«Ինչպես ասում են մասնագետները (դուք և ձեր գործընկերները), հիվանդության գագաթնակետը դեռ առջևում է, ու պետք է անել ամեն ինչ՝ այն հարթելու, կրճատելու այսպես կոչված բարձրահարթի տևողությունը, երբ նոր վարակվածների ամենամեծ քանակն է գրանցվում», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ շուտով ՌԴ բոլոր շրջաններում լրացուցիչ մահճակալային ֆոնդ է հայտնվելու։
«Այժմ բոլոր ուղղություններով աշխատանք է իրականացվում։ Այս շաբաթվա վերջին, մյուս շաբաթվա սկզբին բոլոր շրջանները կհամալրվեն լրացուցիչ մասնագիտացված բժշկական մահճակալներով», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ասել է, որ շարունակելու է կապի մեջ մնալ վարակաբանների հետ։ Նրա խոսքով՝ աշխատանքներին մասնակցում են համաճարակներին հակազդելու ոլորտի փորձագետներ, առաջատար վարակաբան-գիտնականներ, գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ։
Ապրիլի 20-ի դրությամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 400-ը, ընդհանուր առմամբ երկրում ավելի քան 47 հազար վարակված կա։
Ռուսաստանում գտնվող 3 անչափահաս երեխաներին հաջողվել է վերադարձնել Հայաստան՝ մոր մոտ