ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի –Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բնակչությանն անհատույց օգնություն տրամադրել երկրի ՀՆԱ–ի 5-10%–ի չափով։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նման հայտարարություն արեց ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք կառավարությանն առաջարկել ենք հետևել քաղաքացիներին անհատույց սոցիալական օգնության և տնտեսության աջակցման միջազգային փորձին։ Պետություններից շատերը իրենց քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին օգնություն են տրամադրել ՀՆԱ–ի 5–10%–ի չափով»,–ասաց Մարուքյանը։
Օրինակ`ԱՄՆ–ն հատկացրել է 10%, Մեծ Բրիտանիան` 15%, Իտալիան`18%, Իսպանիան` 15%, Շվեյցարիան` 6,5%, Լեհաստանը`10%, Էստոնիան` 8%, Լիտվան` 4,7%։
Հասկանալի է, որ խմբակցությունը ոչ թե պահանջում է աջակցություն տրամադրել նույն չափով, ինչ, ասենք, ԱՄՆ–ն կամ Ճապոնիան, այլ առաջարկում է դա անել Հայաստանի հնարավորության սահմաններում։
Անդրադառնալով երկրում տիրող վիճակին, Մարուքյանը նշեց, որ երկրում աջակցման 14 ծրագիր է ընդունվել` այդ օգնության ստացման շատ բարդ ընթացակարգով։
«Այդ 14 ծրագրերի փոխարեն պետք էր ընդունել 1 կամ 2 ծրագիր` սոցիալական և տնտեսական։ Եվ ցուցաբերել աջակցություն ՀՆԱ–ի 5-10%–ի չափով»,–նշեց Մարուքյանը։
Այսօր, «Լուսավոր Հայաստանի» գնահատականով, ընդունված 14 ծրագրերի շրջանակում անհատույց օգնությունը կազմում է ՀՆԱ–ի ընդամենը 0,84%–ը։ Նա նկատեց, որ այդ ծրագրերը մասամբ իրենցից վարկերի տրամադրում են ներկայացնում, այսինքն միջոցների, որոնք պետք է լինելու վերադարձնել։
Մարուքյանը նշեց, որ աշխատավարձի բացակայության պատճառով, օրինակ, սպասարկման ոլորտում աշխատողներին հանում են վարձակալած բնակարաններից, անհասկանալի իրավիճակ է նաև աշխատանքային միգրանտների հարցում, որոնք Հայաստանում նստած են առանց աշխատանքի: Ակնհայտ է նաև չգրանցված աշխատակիցներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրը։
Պատգամավորի կարծիքով` որքան ավելի արագ իրենց առաջարկած ծրագիրն ընդունվի և իրականացվի, այդքան քիչ կլինեն կորոնավիրուսի բացասական հետևանքները։
«Այլապես դա կհանգեցնի տնտեսական և սոցիալական մեծ կոլապսի», – համոզված է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսի համավարակի և հայտարարված արտակարգ դրության հետևանքները մեղմելու համար ՀՀ իշխանությունները «հակաճգնաժամային փաթեթ» են ընդունել։ Փաթեթը ներառում է 14 ծրագիր, որոնք մասամբ փոխհատուցում են վնասը միկրոձեռնարկություններին, շարքային քաղաքացիներին և այլն։
Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Սահմանափակվել է տնտեսական գործունեությունը։
Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն անցակետեր են սահմանել մեքենաների և քաղաքացիների տեղաշարժերը վերահսկելու համար։
Հասարակական տրանսպորտի գործունեությունն արգելված է (բացի տաքսի ծառայությունից և երկաթգծից)։ Աշխատանքի դուրս գալիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք գործատուից։ Պետական գերատեսչությունների դեպքում այդ գործատուի կողմից տրվող տեղեկանքը կարող է փոխարինվել ծառայողական վկայականով։
Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան