ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արցախում կորած 59-ամյա քաղաքացուն մահացած են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։
«Ապրիլի 19-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Է. Մ.-ն հեռախոսով ոստիկանությանը հայտնել է, որ գյուղի «Սվքարե» կոչվող վարչական տարածքում մարդ է կորել: ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ ԱԻՊԾ ծառայողների և բնակիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 00:30-ին «Սվքարե» կոչվող տարածքում գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են Վ.Գ.-ի դին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1961թ. ծնված Վ. Գ.-ն ու 1954թ. ծնված Գ. Հ.-ն սինդրիկ հավաքելու նպատակով դուրս են եկել տնից և գնացել նշված տարածք, որտեղ Գ. Հ.-ն և Վ. Գ.-ն, բաժանվելով իրարից, պայմանավորվել են ժամը 17:00-ի սահմաններում հանդիպել նույն վայրում, սակայն Վ. Գ.-ն չի վերադարձել:
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ դիակի մոտ հայտնաբերվել է Վ.Գ.-ի որդու անվամբ հաշվառված երկփողանի որսորդական հրացանը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Առեղծվածային դեպք Երևանում. սպանության կասկածանքով որոնվող տղամարդուն կախված են գտել