ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
«Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։
Դեսպանությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։
Հիշեցնենք ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացի, որոնցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։ Ավելի վաղ՝ ապրիլի 6- ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով 400-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։
Հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը, սակայն, գրեթե 2000 էր։ Հիշեցնենք, որ նշված չարտերային չվերթերով Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիներն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են մեկուսացման հատուկ վայրեր՝ 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմում անցկացնելու համար։