ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 5-ը կորոնավիրուսով են վարակվել։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ աշխատակիցներից երեքը բուժման փուլում են, իսկ երկուսն արդեն իսկ ապաքինվել են»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` վարակվածների հետ կոնտակտավորներին մեկուսացրել են, և, ընդհանուր առմամբ, 42 մեկուսացված կա։
Հարությունյանը հայտնեց նաև, որ վարակվածների բուժման և մեկուսացվածների հարցերը լուծելուն զուգահեռ, այնպես են փորձում իրենց աշխատանքը կազմակերպել, որ ԱԻՆ–ը շարունակի իր բնականոն աշխատանքը և սպասարկի մարդկանց։
Այս ընթացքում ԱԻՆ–ը 7376 վարակազերծման աշխատանք է կատարել հանրային վայրերում` շուկաներում, բանկերում, բանկոմատներում, սուպերմարկետներում։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201–ն է։ Կորոնավիրուսից գրանցվել է մահվան 19 դեպք, իսկ 402 մարդ բուժվել է։