ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ ապրիլի 15-ին արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
«Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր պատրաստելու համար»,-գրել է Ավինյանը:
Նրա խոսքով՝ խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, «Իմ քայլը» հիմնադրամի ու այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Հիշեցնենք` Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար առաջին անգամ Հայաստան օգնություն ուղարկեց ապրիլի 8-ին։ Չինաստանից Հայաստան տեղափոխվեց 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ–ն Հայաստանին որպես օգնություն տրամադրել է 2000 թեստ, իսկ Ռուսաստանը` շարժական ախտորոշիչ կայան։