ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանում յուրաքանչյուր 16 թեստից 1-ն է դրական արդյունք ունենում: Այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա բավականին լավ ցուցանիշ է: Ընդհանուր առմամբ հիվանդության տարածման մեր կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք, կունենանք համաճարակի նոր բռնկում»,- ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ երեկ ՀՀ խոշոր գործատուներից մեկի աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի դեպք:
«Դեպքը բացահայտվել է աշխատանքի մուտքի պահին, երբ կատարվել է ջերմաչափում, և միայն գործատուի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել կախնել վարակի տարածման հետագա հնարավորությունը»,- նշեց նախարարը:
Կորոնավիրուսից մահացածը տղամարդ է, որն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն. մանրամասներ
Թորոսյանը նաև հայտնեց, որ արտակարգ դրության ընթացքում մեկուսացված քաղաքացիներից 1500 մարդ դուրս է եկել կարանտինից, նրանցից 300-ի մոտ դրական արդյունք է հաստատվել: Այս կերպ, ըստ նախարարի, հնարավոր է դարձել կանխել վարակի հնարավոր տարածումն այդ 300 քաղաքացիների միջոցով:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 1159 դեպք է արձանագրվել։ Մեկ օրում 48 նոր դեպք է հայտնաբերվել։
Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։