ԵՐԵԱՎՆ, 16 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։
Նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Մարտին Գալստյանի թեկնածությունը։
ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Գալստյանի կենսագրական տվյալները, հայտնեց, որ թեկնածուն 2018–ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
Նա 1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2002թ. Երևանի պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան։
2009-2010թթ. որպես մագիստրոս սովորել է Հարվարդի Համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում` Հանրային կառավարման ֆակուլտետում։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
ԱԺ պատգամավորներն այժմ հարցուպատասխանի միջոցով քննարկում են Գալստյանի թեկնածության հարցը։
ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. կորոնավիրուսը 7 անգամ նվազեցրել է սպասումները
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել: Հաճախ լսելի են դարձել «պատերազմական իրավիճակ», «աշխարհը նույնը չի լինելու» արտահայտությունները: Շատ տնտեսագետների կանխատեսումների համաձայն` տնտեսական անկումը լինելու է շատ ավելի խորը, քան նույնիսկ 2008-09 թթ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ»,–իր ելույթում ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` տնտեսագետները միակարծիք են ճգնաժամի հաղթահարման և տնտեսական քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Հիմնական հնչող եզրույթը հետևյալն է՝ արձագանքել արագ և անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է։
Գալստայնը հայտնեց, որ Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին և հետաձգել վարկերի վճարումները:
Պայմանավորվածության համաձայն` ԿԲ–ն իր կողմից որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիփոթեքային վարկերի համար:
Նա ասաց նաև, որ ԿԲ–ն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ աշխատում է ամենօրյա օպերատիվ կապի ռեժիմով, հնարավորինս արագ հավաքագրելով և լուծում տալով ներկա իրավիճակի հետ կապված խնդիրներին:
Հիշեցնենք, որ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ ԱԺ-ն նրան 2 անգամ ընտրել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։