ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերին:
Ավելի վաղ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել և հայտնել, որ ՀՀ ԱԺ-ում ոչ պաշտոնական այցով հյուրընկալվել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։
«Պարոն Միրզոյանի հետ կարճատև զրույց ենք ծավալել, ընթացքում անդրադարձել ապագա համագործակցության մի շարք հարցերի»,- լուսանկարին կից գրել էր նա։
Հիշեցնենք՝ մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել նախկին վարչապետ (պետնախարար), «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Քաղաքական հետապնդում չի լինի. Արայիկ Հարությունյանը համախմբման կոչ է անում
Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։
Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5 428: