ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երեկ Տավուշի մարզում 57-ամյա մի քաղաքացի է տնից դուրս եկել ու այլևս չի վերադարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ կորել է իրենց համագյուղացին, որը երեկ կեսօրին է տնից դուրս եկել։
«Տղամարդը` 57–ամյա Արամը, գնացել է «Եղիշավան» կոչվող հանդամաս` սունկ հավաքելու և չի վերադարձել։ Նա առողջական որևէ խնդիր չունի, և չգիտենք` ինչպես է այսպես ստացվել»,–ասաց Մանուչարյանը։
Նրա խոսքով` ինչպես երեկ, այնպես էլ այսօր սահմանին իրավիճակը նորմալ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել ինչպես երեկ, այնպես էլ այսօր։
Տավուշի հրշեջ–փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադևոսյանն էլ հայտնեց, որ տղամարդու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով` անտառը, ուր գնացել է տղամարդը, բավական մեծ է, սակայն տղամարդն առաջին անգամ չէ, որ գնում է այդ տարածք։
«Տղամարդը ծանոթ է տեղանքին և հաճախ է այնտեղ գնացել սունկ հավաքելու։ Սովորականի պես երեկ ցերեկն էլ գնացել է ու գիշերը, երբ տղաները տեսել են, որ հայրը չի վերադարձել, ԱԻՆ են ահազանգել։ Նրա երկու տղաների հետ խոսել ենք, ասում են` սա առաջին դեպքն է»,–ասաց Թադևոսյանը։
Մեքենան ընկել է Հրազդան գետը. երեք քաղաքացու են հոսպիտալացրել
Նա հայտնեց նաև, որ դիրքերը հեռու են այդ հատվածից։ Այժմ տղամարդուն որոնում են ինչպես փրկարարները, այնպես էլ ոստիկաններն ու համագյուղացիները։