ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հարկադիր պարապուրդի մատնված երթուղայինների վարորդները Երևանում բողոքի ցույց են անում։ Արտակարգ դրության օրերին տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո անգործ ու անփող են մնացել։
Բողոքի ակցիային մասնակցում են «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդները։ Ասում են, որ խոսքը 250-ից ավելի վարորդների մասին է, որոնցից շատերն իրենց տան միակ աշխատողն են։ Նշում են, որ ոչ բոլորն են հավաքվել, քանի որ տաքսու գումար չունենալու պատճառով չեն էլ կարողացել այստեղ հասնել:
«Տան միակ աշխատողն եմ, երեխեքին ասեմ՝ հաց մի կերե՞ք»,- ասաց վարորդներից մեկը։
Վարորդները դժգոհում են, որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց վրա չի տարածվել։ Երբ դիմում են տնօրինությանը աջակցություն ստանալու համար, միայն մի պատասխան են լսում՝ երբ կառավարությունն աջակցություն տրամադրի, իրենք կստանան։
«ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Բեգլարյանն ասում է, որ աջակցության համար դիմել են բոլոր պատկան մարմիններին, պատասխան չեն ստացել։
«Դիմել ենք քաղաքապետարանին, կառավարությանը, պարետատանը։ Դիմել ենք դեռ այն ժամանակ, երբ աշխատանքը կասեցված չէր։ Հիմա էլ պատրաստվում ենք նորից դիմել, որ հասկանանք ինչ անել»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե վաղվանից ասեն՝ կարող եք աշխատել, չգիտի, թե ինչպես են աշխատելու, որովհետև ուղևորահոսք չկա, ստացված եկամուտները չեն արդարացնում ծախսերը։
Կարեն Բելգարյանը նշեց, որ խոսքը միայն 250-ից ավելի վարորդների մասին չէ, 100-ից ավելի սպասարկողներ էլ կան, որոնք չեն աշխատում։
«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ վիճակ է ստեղծված, շնորհակալ ենք բժիշկներին, չենք ուզում իշխանությունների համար խնդիրներ ստեղծել։ Մեր խնդիրն այն չէ, որ այսօր ավելի շատ խնդիրներ ավելացնենք։ Ուզում ենք հասկանալ, թե ինչ աջակցություն մենք կարող ենք ստանալ, մենք էլ ստանանք։ Մենք գրանցված, օրինական աշխատող ենք, հարկային վճարումներ ենք կատարում, ուզում ենք հասկանալ, թե որ ծրագիրն է մեզ վրա էլ տարածվում, գումարը ստանանք, օրվա հացի փողն ունենաք»,- նշեց վարորդներից մեկը։
Նրանք վիրավորված են, որ իրենք այս պատմության մեջ միայնակ ու մոռացված են մնացել։
Նշենք, որ բողոքի ցույցն ուղիղ եթերում հեռարձակում է Tert.am-ը։
Հիշեցնենք՝ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում էին արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը
Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։
Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։
Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։
Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1067 դեպք է գրանցվել: Ունենք 16 մահ:
Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը