ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։
Որոշման նախագծում ասվում է, որ հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։
«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»,– գրված է որոշման մեջ։
Զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արտակարգ դրության երկարաձգման առումով իրավաչափության խնդիր չկա։ Նա առաջարկեց, որ մի շարք փոփոխություններ ու լրացումներ կատարել, մասնավորապես` լրատվամիջոցներին վերաբերող սահմանափակումները վերացնել։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան որոշմամբ՝ երկարացված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության թույլատրելի շրջանակն ընդլայնվել է մի քանի նկատառումներով` տնտեսական կյանքը չմեռցնելու, նաև սոցիալական իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար։
ԱԺ-ն կքննարկի արտակարգ դրությունը երկարացնելու հարցը. դրանից բացի ևս մեկ նիստ են անելու
«Բայց բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կարող են աճել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախ քաղաքացիներին իրենք պետք է առաջին հերթին հետևեն իրենց անվտանգության կանոններին և էականորեն նվազեցնեն վարակվելու հավանականությունը։
Վարչապետը նշեց՝ ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները վերացվում են՝ պայմանով, որ մոնիթորինգ կիրականացվի, խնդիրներ լինելու դեպքում վերջին գործող ռեժիմը կվերականգնվի։
Արտակարգ դրության երկարացման մասին որոշումը սպասում է ԱԺ հաստատմանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1039 մարդ։ Գրանցվել է 14 մահվան դեպք։
Կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ինչ հարցեր են քննարկվելու
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Իսկ ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։