ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկը, որոնք ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս կազատվեն մաքսատուրքերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այդ ցանկում ներառվել են գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, բրինձ, հնդկաձավար, հյութեր, մանկական սննդի համար պատրաստի մթերք։ Ցանկում են ընդգրկվել նաև որոշ դեղամիջոցներ և բժշկական նշանակության պարագաներ:
Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։
Փող տպելու կարիք կլինի՞, կամ պետության տրամադրած աջակցությունն ի՞նչ խնդիր է լուծում
Ուժի մեջ է մտել նաև 34 N որոշումը, որով ընդլայնվել է մարտի 16-ի որոշմամբ հաստատված, մինչև սեպտեմբերի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող անհատական պաշտպանության և ախտահանման միջոցներ, առանձին բժշկական սարքավորումներ և նյութեր ներառող ապրանքների ցանկը։