ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ–ն Հայաստանին 2000 թեստ կտրամադրի։
«Օրերս Միացյալ Նահանգները 6 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանը։ Այդ գումարը կնպաստի աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ–ի տրամադրած միջոցներով նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ ձեռք կբերվեն։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ ձեռք են բերելու 100 շնչառական ապարատ, 60 հազար թեստ, նաև բժշկական այլ պարագաներ՝ դիմակներ, բժշկական հատուկ հագուստ, ակնոցներ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի։