Երևանի Ծարավ աղբյուրի փողոցի բնակիչներն այսօր բացօթյա համերգ վայելելու հնարավորություն ունեցան։ Մի խումբ երիտասարդներ որոշել էին յուրահատուկ ձևով շնորհավորել Մայրության ու գեղեցկության տոնը։
Հայտնի չէ` նրանք կոնկրետ մեկի համար էին երգում, թե ոչ, բայց սիրված երգերի պրոֆեսիոնալ կատարումը հաճելի անակնկալ ու տոնական տրամադրություն պարգևեց մի ամբողջ թաղամասի` տներում մեկուսացած բնակիչներին։
Երգիչները ունկնդիրների հարցին ի պատասխան հայտնեցին, որ կամերային երգչախմբի անդամներ են։ Իսկ համերգի ավարտին, կարանտինի կանոնները պահպանելով, շնորհակալություն հայտնեցին հեռավար, բայց ջերմ ընդունելության համար ու հեռացան։