ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով է շնորհավորում կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը։
«Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։
Երախտագիտությունս նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի, մասնագիտության բերումով և հոգու կանչով այս օրերին վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը բոլորիս համար, այն կանանց, ում ամուսիններն այս օրերին հիվանդանոցներից, ծառայությունից ու աշխատավայրից գրեթե տուն չեն գալիս՝ իրենց պարտքը կատարելով»,–ասված է նախագահի ուղերձում:
Նա ընդգծել է, որ կինը և հատկապես հայ կինը մշտապես եղել է ընտանիքի սյունը՝ իր վրա վերցնելով առավելագույն ծանրությունը, հոգսերն ու դժվարությունները։ Նրա խոսքով` հիմա, երբ իրավիճակից ելնելով, շատերը ստիպված են առավելապես տանը մնալ, կնոջ հոգսն ու ծանրաբեռնվածությունն ավելի են մեծացել՝ պայմանավորված նաև առօրյա ընտանեկան կյանքի կազմակերպմամբ, երեխաների և թոռների հեռավար կրթությամբ, տնտեսական խնդիրներով և այլն։ Սակայն հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է։
Մայրության և գեղեցկության գույները՝ Երևանում
«Գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի։ Այս տարվա տոնական շնորհավորանքների մեջ միգուցե արտաքին փայլն ու ձևը մի փոքր ավելի զուսպ են։ Սակայն հավատացեք, որ մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ երբեք չեն փոխվում՝ երբ հայրը հուզվում է փոքրիկ դստեր ձայնից, երբ երիտասարդի սիրտը թրթռում է սիրելիի ժպիտից, երբ, անկախ տարիքից, կարոտում ենք մեր մորն ու կնոջը, և մեր թոռան մեջ տեսնում նրանց շարունակությունը: Որովհետև, սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով»,–ասված է նախագահի ուղերձում:
Նյու Ջերսիում կինը տանը փակված հարևանների համար նվագում է հայկական «Աղջկա երգը». տեսանյութ
Արմեն Սարգսյանն իր ուղերձի վերջում առողջություն և երջանիկ ու երկար տարիների կյանք է մաղթել կանանց ու մայրերին։