2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը 2018թ․համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վիճակագրությունը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ըստ հաղորդագրության՝ 2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով:
Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ 2 պաշտոնաթող ՀՀ նախագահ, 3 փոխնախարար, ՊՎԾ պետը, Ընդհանուր իրավասության դատարանի 2 դատավոր, 1 դատախազ, ՌՈ պետը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, նախկին գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանության նախկին պետը, ՊԵԿ նախկին նախագահն ու 1 նախկին մարզպետ:
Որոշել են, որ Պողոսն է բաժակը բերելու. պետգնումներում կոռուպցիոն սխեման եղել է ու կա
Նրանցից բացի քրեական հետապնդման են ենթարկվել նաև ոստիկանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնատար անձինք, ՀՀ քննչական կոմիտեի ու ԱԱԾ աշխատակիցներ:
ՀՀ զինված ուժերում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվել 164 անձի նկատմամբ: Նրանց թվում եղել են զորամասի ներկա ու նախկին հրամանատարներ, շտաբի պետեր և տեղակալներ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետներ, գործող և նախկին զինկոմիսարներ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն:
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե հակակոռուպցիոն պայքարի շրջանակում քանի «խոշոր ձուկ» են բռնել ՀՀ իրավապահ մարմինները 2019-ին: